Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ոչիշխանական եռյակը Ազատության հրապարակուն և Երևանի կենտրոնում հանրահավաք-երթ անցկացրեց, որին չէին մասնակցում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախագահները, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում էր: Հանրահավաքում ելույթ ունեցած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է. «Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը դրա մասին է խոսում: Ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, չի շնորհում ազատությունները քաղաքացիներին: Քաղաքացիները իրենք են վերցնում»: Նա անդրադարձավ նախօրեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որոնք մի խումբ մարդկանց հետ քաշքշուկի մեջ էին ընկել: «Այսօր այդ նույն ավազակները հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա: Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը նենգ արարք է թույլ տվել, բայց սա նորություն չէ: Ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է հաջողության, դիմել են ստոր արարքների: Բայց Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ ավազակային հարձակում իրականացնողները և նրանց հրաման տվողները պատասխան են տալու նոր ժողովրդական իշխանության առաջ»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:
Նույն իրադարձությանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը: Նա ասել է, որ ազատամարտիկներին «Ազատության» հրապարակ է բերել նույն ցավը, ինչ ողջ ժողովրդին: Նա ընդգծեց, որ ազատամարտիկներն ամեն օր հանդիպում են Հայաստանի այն քաղաքական ուժերի հետ, որոնք օր առաջ փորձում են հասնել իշխանության: «Բայց վերջին օրերին իշխանական ապարատը ոտնձգություններ է սկսել ազատամարտիկների հանդեպ: Մի քանի օր առաջ մի խումբ մարդկանց հետո քաշքշուկի մեջ հայտնվեցին հրամանատարներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Ստանալով պատասխան՝ ուժերը հեռացել են, այսօր առավոտյան դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին, և նա գտնվում է Էրեբունի հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Մենք ամենայն պատասխանատվությամբ խոհեմության կոչ ենք անում և հայտարարում, որ նման քայլերով չեք վախեցնելու ոչ մեզ, ոչ ժողովրդին: Մենք կանգնելու ենք մինչև վերջ ցանկացած ձևաչափի մեջ»:
Սմբատ Հակոբյանը կոչ արեց բոլոր ազատամարտիկներին՝ հավաքվել դեկտեմբերի 13-ին, ժամը 12-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում: «Այն մարդիկ, ովքեր ջատագով են վաղվա մեր օրվա և պատասխանատու են մատաղ սերնդի համար, կոչ ենք անում հավաքվել այն սրբատեղիում, որտեղ մեր սուրբ տղերքն են, որտեղ սկսվել է մեր ազատամարտը, բայց չի ավարտվել»,-ասաց նա: